Հայաստանը հռչակվել էր անկախ պետություն, իսկ օրհներգ դեռ չուներ: Այս թեմայով հեռուստահաղորդում պատրաստեցի, որտեղ երիտասարդ պատմաբանը (թող ների ինձ` անունը չեմ հիշում) համոզիչ ներկայացրեց մինչ օրս գործող հիմնի տեքստը` բառափոխված տարբերակով. «թշվառ-անտեր» հայրենիքն այլևս ազատ-անկախ էր: Լորիս Ճգնավորյանը հիմնավորեց երաժշտության ճշգրտությունը և, ֆիլհարմոնիկի` կարծեմ Ավստրիա հյուրախաղերի մեկնելիս, խնդրեց Ազգային ժողովի համաձայնությունը` համերգներից առաջ այն որպես պետական-ազգային օրհներգ հնչեցնելու համար:
Ազգային ժողովը հոտնկայս ծափահարությամբ տվեց իր համաձայնությունը:
Կոմունիստական վարչակարգի լուծը թոթափած հայրենիքն ու պատերազմող Արցախը բանաստեղծական ներշնչանք չէին դառնում:
Իմ լրագրողական հարցումներին, թե ինչո՞ւ չեն գրվում հայրենասիրական երգեր, պոետն ասում էր, թե այն ամենը, ինչ կատարվում է մեր կյանքում, դեռ պիտի խմորվի, նստվածք պիտի տա, հետո միայն գեղարվեստական գործ դառնա: Երգահանն ասում էր, թե ֆիդայական երգերը լրիվ համահունչ են մեր օրերի ոգուն, ի՞նչ կարիք կա նոր բան ստեղծելու:
Իրոք, հայրենիքը մեկն է, ի՞նչ տարբերություն` Խորհրդայի՞ն, թե՞ անկախ Հայաստանի հանդեպ սիրուց էին ծնվում խոսքն ու մեղեդին:
Բայց ա՛յս հայրենիքն էր եղել, չէ՞, մեր դարերի երազանքը:
Բայց ա՛յս հայրենիքը, կարծես թե, քիչ ենք սիրում: Բայց այս հայրենի՛քն էլ մեզ բոլորիս կարծես թե հավասար ու առանձնապես չի սիրում: Որովհետև բոլորս հավասարապես այս հայրենիքի տերն ու ծառան չենք: Կամ տերն ենք, կամ՝ ծառան, ընդամենը: Միայն վտանգի, պատերազմների պահին ենք մեկտեղ ու հավասար զինվորագրվում ու զոհաբերվում:
Երեք միլիոն բուն հայրենիքում ենք, երեք այդքան էլ` դրսերում:
Դրսում հպարտանում են հայրենիքի գոյությամբ, ու հեռվից սիրելը շատ հեշտ է: Հեշտ է, բայց զավեշտալի է հարմարավետ ու կուշտ հեռվից հայրենիքին դասեր տալը այն դեպքում, երբ հայրենիքաբնակների համար հայրենիքը հարմարավետ ու բարեկեցիկ չէ, և այս հայրենիքը պահել-պահպանելու խնդիրը նրանք պիտի լուծեն: Այնինչ այսօր ամենահայրենասեր հայը սփյուռքահայն է և վերջին քսան-երեսուն տարիների ընթացքում հայրենիքից նեղացած կամ հայրենիքի նեղություններից փախած հայն է` նոր սփյուռքահայը:
Մեզ` հայրենիքում ապրողներիս համար է դժվար հայրենասեր մնալ:
Ասում են` կապիտալը հայրենիք չի ճանաչում: Քանի՜-քանի երկրներում են մեր կապիտալիստները բնավորվել. դրսերում բուժվում են, դրսերում հանգստանում, երեխաներին դրսերում են ուսման տալիս, կապիտալն էլ, ասում են, դրսերի բանկերում է բազմապատկվում: Հայրենիքին էլ չեն նեղացնում, աշխատատեղեր են բացում, քիչումիչ ազգակիցների հացի խնդիրն են լուծում:
Հայրենի՛քն է նրանց սիրում:
«Որտեղ հաց, այնտեղ կաց» հոգեբանությամբ ապրող սերունդը լքում է հայրենիքը, որովհետև ցանկացած այլ երկրում ճորտության դիմաց այնքան է վաստակում, որ իրեն մարդ է զգում: Տասնապատիկ ճորտությամբ հայրենիքում հաց վաստակող սերունդը չի ամուսնանում: ՈՒնևոր տան աղջիկը ունևոր տան տղայի հետ է ամուսնանում, չունևոր տան աղջիկն էլ ունևոր փեսացու է փնտրում: Անուսում, անգործ, չկայացած սերունդը հայրենի՞ք պիտի սիրի:
Հայրենիքը, ուրեմն, նրանց չի՛ սիրում:
«Հայրենիք» հասկացությունն այսօր նույնացել է կացության, կեցության, կենսակերպի, սոցիալական իրողության հետ:
Այսօր, երբ հայը աշխարհի քարտեզը բռնած` աշխարհում իր տունն է որոնում, ո՞րն է այդ հայի հայրենիքը: Իր բուն հայրենիքը նա ինչպե՞ս սիրի, երբ այդ բուն հայրենիքը իրեն վաղուց չի սիրում: Պարզ տրամաբանություն է` հայրենիքը իմ տունն է, եթե իմ տունը հայրենիքում է:
Փոխվեց տնտեսական համակարգը, արժեքային համակարգը նույնպես փոփոխություն կրեց: Մեզ` ավագներիս, սովորեցնում էին հայրենասեր լինել, մեզ դաստիարակում էին պատմության հերոսական էջերով: Մենք պատմավեպեր էինք կարդում, հայրենասիրական ոգով բանաստեղծություններ էինք ըմբոշխնում, ֆիլմեր էինք դիտում: Ազգի մեծերի ու հերոսների կյանքը մեզ համար չափանիշ ու օրինակ էր:
Մեզ դաստիարակում էին հայրենիքի հանդեպ պարտքի զգացումով, որը հպարտություն էր հաղորդում: Հայրենիքին ծառայելու գաղափարն էր մեզ ներշնչում սեր, հարգանք, աշխատասիրություն: Մենք երկիր էինք կառուցում, հողն էինք շենացնում` գիտակցաբար ու ոգևորված:
Մեզ ոգեշնչում էին:
«Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից` թե սիրտս ճեղքես`
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա»:
Հովհաննես Շիրազի այս գողտրիկ բանաստեղծությունը տասնյակ տարիներ հնչել է հայ մանուկների շուրթերից` որպես խոստովանություն ու երդում, արտասանվել է հուզմունքով ու հպարտությամբ։ Սիրով:
Այդ սիրո դրսևորումը 1988-ի համազգային շարժումն էր: Այդ շարժումը հայրենասիրության պոռթկում էր, որովհետև հայրենիքի հանդեպ սերը նույնպես զգացմունք է։ Պոռթկումը իր պատմական դերը կատարեց` Հայաստանն անկախացավ, Ղարաբաղը ազատագրվեց, հետո աստիճանաբար հանդարտվեց, հանգավ:
Հայաստանում նոր, ուրիշ, օտար շարժումներ սկսվեցին: Օտարասիրությունը, օտարամոլությունը գերակա գործոն են մեր կյանքի բոլոր բնագավառներում:
Գուցե ինչ-որ չափով այն նպաստում է մեր ժամանակակից առաջընթացին, բայց մեծ չափով էլ նվազեցնում է հայկականի, ազգայինի, ուրեմն և մեր հայրենիքի հանդեպ սերն ու ջերմությունը:
Հեռուստաեթերներում ուրիշ և օտար ամե՛ն ինչ կա. չկան մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը, չկան ազգային դեմքերն ու հերոսները, չեն կարևորվում, գործերը, որ հանուն հայրենիքի են արվում, չեն մեծարվում պատերազմի հերոսները. ամեն ինչ` հատուկենտ, կցկտուր, այսինքն` անհետևանք, մտքի ու զգացմունքի վրա չազդող:
Կոչ ու կարգախոսներով, մեծերին վկայակոչելով ու Նժդեհից ասույթներ սերտելով հայրենասեր չենք դառնա: Իրականությունը վարդագույն ակնոցներով տեսնելն ու այն որպես իրականություն մատուցելը կեղծ հայրենասիրություն է:
Եթե ուզում ենք հզոր ու հպարտ հայրենիքում ապրել, ուրեմն բաց աչքերով պիտի նայենք երևույթներին, որպեսզի նկատենք, մատնացույց անենք ու շտկենք մեր սխալները, քննադատենք ու քննարկենք, պարսավենք ու պահանջենք, գնահատենք: Հայրենիքին չի կարելի կիսատ-պռատով խաբել: «Հայրենիքի համար,- ասում էր Մ. Ռոբեսպիերը,- արված է ոչ բավականաչափ, եթե ամեն ինչ չի արված»:
Հայրենիքը չեն ընտրում և հայրենիքից չեն նեղանում: Հայրենիքը մեկն է, և այն հավասարապես բոլորինս է` անկախ դիրքից, կարգավիճակից, ունեցվածքից:
Մենք` հայրենիքում ապրողներս, հայրենիքով քիչ ենք հպարտանում, որովհետև քե՛զ, հայրենիք, քիչ ենք սիրում:
Եվ հենց այս պատճառով է, որ հատուկ քե՛զ համար կատարյալ օրհներգ չի ստեղծվում:
Քեզ քիչ ենք սիրում, հայրենիք, և հենց այդ պատճառով է, որ քո պատմությունը մեզ չի հետաքրքրում ու հուզում, որ քաղաքակիրթ երկրների շարք մտնելու հայտ ենք ներկայացնում ու բարեկիրթ չենք դառնում:
Բայց մեկ է՝ միակն ես, ինչպես մայրը: Միայն թե մայրը սիրում ու փայփայում է իր զավակին` ով և ինչպիսին էլ նա լինի:
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ
Հ. Գ.- Սփյուռքի նախարարությունը ջանք չի խնայում հայրենիքից օտարվածների համար հայրենիքը տուն դարձնելու, սփյուռքահային հայրենիքը սիրելի ու գայթակղիչ դարձնելու համար:
Մի հատուկ նախարարություն էլ մեզ` հայաստանաբնակներիս է հարկավոր, թե չէ մեր երկիրը, մեր Հայաստանը, մեր այս մի բուռ հայրենիքը ձեռքից գնում է: